Նոր սահմանադրության նախագիծը, որ նախատեսում է ընտրական համակարգի փոփոխություններ և նախագահի անուղղակի ընտրություն, Վրաստանի խորհրդարանում ընդունվեց քննադատության և ընդդիմության բողոքների ուղեկցությամբ: Հիմնական օրենքի նախագիծը, որ Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 26-ին ընդունեց 117 ձայնով, երկու դեմ ունենալով միայն, արդեն ուղարկվել է նախագահի աշխատակազմ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին 10 օրում կամ պետք է վավերացնի, կամ իր առարկություններով վերադարձնի խորհրդարան: Իշխող կուսակցությունը նոր սահմանադրությունն անվանում է «եվրոպական մակարդակի» փաստաթուղթ, որն արտահայտում է երկրի շահերը, սահմանադրական փոփոխությունները, սակայն քննադատում են թե ընդդիմությունը, թե ոչկառավարական կազմակերպությունների մեծ մասը: Ընդդիմադիր պատգամավորները ցուցադրաբար հեռացան նիստերի դահլիճից քվեարկությունից առաջ` ի նշան փոփոխությունների դեմ բողոքի, որ իրենք անվանում են «մեկ կուսակցության փաստաթուղթ»:
Սահմանադրական փոփոխության ամենավիճահարույց հարցերից մեկը ընտրական համակարգի փոփոխությունն է և անցումը համամասնական ընտրակարգի: Գործող օրենսդրությամբ խորհրդարանի ընտրությունները կատարվում են խառը համակարգով` 150 պատգամավորներից 77-ը ընտրվում են համամասնական, մյուսները` մեծամասնական ընտրակարգով: Ընդդիմությունը և շատ փորձագետներ կարծում են, որ այդ ընտրակարգը ձեռնտու է իշխանությանը և խոչընդոտում է մանդատների արդար բաշխմանը:
Ի սկզբանե սահմանադրական փոփոխությունների նախագծի տարբերակը նախատեսում էր մեծամասնական ընտրակարգի վերացում և լիակատար անցում համամասնական ընտրակարգին արդեն 2020-ի ընտրություններում: Բայց նաև նախատեսում էր բոնուսների համակարգ` չբաշխված մանդատների փոխանցում ընտրություններում հաղթած կուսակցությանը, որի հետ համաձայն չէին ընդդիմությունը և ոչկառավարական կազմակերպությունները: Ավելի ուշ համամասնական ընտրակարգին անցումը տեղափոխվեց 2024: Իշխող կուսակցությունը համաձայնեց որոշ զիջումների` բոնուսների համակարգը վերացնել 2024-ից, մեկանգամյա կարգով արգելք չսահմանել ընտրություններում կուսակցությունների դաշինքների մասնակցության համար և անցողիկ շեմը 5-ից իջեցնել 3 %-ի 2020-ի ընտրություններում:
Ընդդիմությունը դա անվանեց հերթական ֆարս` իշխանությանը մեղադրելով իր առանցքային խոստումը չկատարելու մեջ` մեծամասնական ընտրակարգի վերացում: Վենետիկի հանձնաժողովը սեպտեմբերի 22-ին հրապարակված եզրակացության մեջ նույնպես ափսոսանք հայտնեց, որ համամասնական համակարգին անցումը հետաձգվում է` դա որակելով կոնսենսուսի հասնելու գլխավոր խոչընդոտ: Հանձնաժողովը, միաժամանակ, ողջունեց մեծամասնության պատրաստակամությունը` քննարկել կուսակցությունների դաշինքների մասնակցության և ընտրական շեմի նվազեցման հարցերը 2020-ի ընտրություններում, գտնելով, որ դա կմեղմացնի համամասնական ընտրակարգի հետաձգման բացասական հետևանքները:
Խորհրդարանի ընտրության ընտրակարգից բացի` իշխող կուսակցության և ընդդիմության տարաձայնությունների պատճառ է նախագահի ընտրության հարցը: Ընդունված փոփոխությունների համաձայն` 2024-ից վերանում է նախագահի համաժողովրդական ընտրությունը. նախագահ կընտրի 300 պատվիրակների կոլեգիան: Այդ փոփոխությունը կկատարվի համամասնական ընտրակարգին անցնելուց հետ և չի վերաբերի 2018-ի նախագահական ընտրություններին: Նախագահի ուղղակի ընտրությունների վերացումն ընդդիմությունը համարում է իշխող կուսակցության` Վրաստանում նախագահական ինստիտուտը թուլացնելու հերթական փորձ, որ հակասում է ընտրողների կամքին: Նախագահը ևս քանիցս քննադատել է առաջարկվող փոփոխությունները: Նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեի խոսքով` սահմանադրական նախագիծը բազում թերություններ ունի, որոնցից գլխավորն է` փաստաթուղթը միակուսակցական է, այլ ոչ համաձայնեցված: «Նախագահը ի սկզբանե այն կարծիքին էր, որ նոր սահմանադրությունը պետք է լինի բոլորին պատկանող փաստաթուղթ: Ցավոք, այսօր մենք ստացել ենք փաստաթուղթ, որ ոչ մեկին չի պատկանում` մեկ կուսակցությունից բացի»` հայտարարեց Աննա Դոլիձեն խորհրդարանի քվեարկությունից հետո:
Առայժմ հայտնի չէ` ի՞նչ կորոշի նախագահը: Խորհրդարանում սահմանադրական մեծամասնության պայմաններում իշխող կուսակցությունը կարող է փոփոխություններն ուժի մեջ մտցնել նաև առանց նախագահի վավերացման: Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո նախագահին առաջարկեց վետո դնել նախագծի այն հոդվածների վրա, որ վերաբերում են բոնուսներին ու ընտրական դաշինքներին: Բոնուսների համակարգը հանելը և ընտրական դաշինքների մասնակցության թույլտվությունը 2020-ի ընտրություններին մեկանգամյա կարգով ներառված չեն արդեն հաստատված փոփոխությունների նախագծում, բայց իշխող կուսակցությունը խոստացել է առաջիկայում նախաձեռնությամբ հանդես գալ: Կոբախիձեի խոսքով` նախագահի որոշումը կարող է այլընտրանք դառնալ` օգտագործելով վետոյի իրավունքը նա կարագացնի գործընթացը: ՙՄենք հույս ունենք, որ այս դեպքում նախագահը կառուցողական դիրքորոշում կունենա և վետոյի իրավունքը կօգտագործի հենց այդ նպատակով՚` հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
BBC
Հ.Գ. Կյանքը մնում է կյանք` ԵՄ-ին ես ասոցացվում, թե ԵԱՏՄ-ին ես անդամակցել: Փաստորեն, հետխորհրդային Հայաստանում ու Վրաստանում խնդիրները նույնն են: Թե ՙՎրացական երազանքը՚ ինչ երկիր է ուզում ընտրությունների արդյունքում տեսնել, կներկայացնի իր նախընտրական ծրագրով, բայց ակնհայտ է, որ չի ուզում իշխանափոխության հնարավորություն տալ ընտրողին: Չմտնելով Վրաստանում իշխանության ու ընդդիմության քաղաքական տարաձայնությունների մանրամասների մեջ, զուտ ձևային տեսակետից` Վրաստանը գնում է այն ճանապարհով, որով անցել է Հայաստանը, և լիովին կարող է հայկական փորձը նկատի ունենալ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու հետևանքները հաշվարկելիս:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ